11:54 . 16/04
Իրանի միջուկային ծրագրի հարցով "Վեցնյակի" միջազգային միջնորդների հետ հաջորդ բանակցությունները տեղի կունենան մայիսի 23-ին՝ Բաղդադում:
Այս մասին հաղորդել է Եվրամիության արտաքին քաղաքական ու անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը, ով ղեկավարել է "Վեցնյակի" պատվիրակությունը շաբաթ օրը Ստամբուլում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Էշթոնը կոչ է արել Իրանին կատարել միջազգային բոլոր պարտավորությունները:
"Իրանական միջուկային ծրագրի շուրջ քննարկումները կառուցողական էին եւ օգտակար: Եվրամիությունը ողջունում է Իրանի հետ երկխոսության շարունակությունը եւ ընդգծում դրա կառուցողականությունը: Հուսով ենք՝ հաջորդ հանդիպումն իր արդյունքը կտա, եւ կվերականգնվի միջազգային հանրության վստահությունն Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթ ունենալու հանդեպ",- ասել է Էշթոնը։
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալալին եւս բավարարվածություն է հայտնել շաբաթ օրը Ստամբուլում կայացած բանակցություններից: Վերջինիս խոսքով՝ բանակցություններում նկատվել է առաջընթաց, բազմակարծություն, եւ եղել են պահեր, որոնց հետ իրանական կողմը համաձայնել է:
"Հաջորդ բանակցությունները պետք է հիմնված լինեն վստահության վրա: Իրանի ժողովրդի վստահությունը պետք է ձերք բերել, իսկ իրանցիները ուզում են, որ պատժամիջոցները վերացվեն: Հուսով եմ՝ բանակցությունների մյուս փուլն ավելի արդյունավետ կլինի",- ասել է Ջալալին։
Ամերիկյան իշխանությունները նույնպես արձագանքել են Ստամբուլյան հանդիպմանը՝ դրական գնահատելով բանակցությունների հերթական փուլի արդյունքները: ԱՄՆ նախագահ Բարաք Օմաբայի ազգային անվտանգության հարցերով օգնական Բեն Ռոդեսի փոխանցմամբ` Սպիտակ տունը հավատում է, որ անցած բանակցությունները դրական առաջին քայլ էին, որ դրա ժամանակ տիրում էր կառուցողական մթնոլորտ, եւ որ իրանցիներն ի վերջո նստել էին բանակցությունների սեղանի շուրջ ու սկսել քննարկել իրենց միջուկային ծրագրի հարցը: Ռոդեսը նշել է, որ դրական քայլ կարելի է համարել նաեւ մասնակիցների որոշումը` շարունակել բանակցությունները մայիսին՝ Բաղդադում:
Տեղեկացնենք նաեւ, որ ոչ պաշտոնական տվյալներով, Իրանը մերժել է ԱՄՆ-ի` Ստամբուլում միջուկային հարցով իսլամական հանրապետության եւ վեց գերտերությունների բանակցություններում երկկողմանի հանդիպում անցկացնելու խնդրանքը: Այս հաղորդագրության առնչությամբ որեւէ մեկնաբանություն չի հնչել ամերիկյան դիվանագետների կողմից:
ISNA իրանական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ շաբաթ օրն ԱՄՆ դեսպանը հանդիպում է խնդրել Ստամբուլում Թեհրանի միջուկային ծրագրի հարցով իրանական բանակցային խմբի ղեկավարի հետ: Համաձայն հաղորդագրության` Սաիդ Ջալիլին ընդունել էր առաջարկը:
Ամերիկյան դիվանագետի անունը չի նշվում, սակայն հայտնի է, որ Ստամբուլում բանակցություններին մասնակցում է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ուենդի Շերմանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Իրանի հետ անմիջական դիվանագիտական հարաբերություններ չունի ավելի քան երեք տասնամյակ: ԱՄՆ ներկայացուցչի գործառույթները Թեհրանում իրականցնում է Շվեյցարիայի դեսպանատունը: