16:25 . 13/04
Քաջարան գյուղի եւ "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲ ընկերության միջեւ ծագած խնդրի վերաբերյալ այսօր հաղորդագրություն է տարածել "ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ" գերմանական ընկերությունը, որը պղնձամոլիբդենայինի հիմնական բաժնետերն է։
Ընկերությունն իր դիրքորոշումն է ներկայացրել Կառավարության որոշմամբ Սյունիքի մարզի որոշ տարածքների նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու և այդ տարածքները Կոմբինատին տրամադրելու վերաբերյալ, ինչն առաջացրել է բնապահպանական և այլ ուղղվածության որոշ հասարակական կազմակերպությունների, խմբերի մտահոգությունը:
"Պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի առաջատար արդյունաբերական ընկերություն է, որի արտադրանքն իրացվում է արտաքին շուկաներում, ինչի արդյունքում ապահովվում է հանրապետության արտարժույթի ներհոսքի զգալի մասը: Միաժամանակ, արտաքին շուկաներում ձեռք բերված ֆինանսական միջոցները ծախսվում են Հայաստանում` նպաստելով ՀՀ տնտեսության զարգացմանը: Կոմբինատը, ներկայում ունենալով 3200 աշխատակից, Քաջարան քաղաքի համար, ըստ էության, հանդիսանալով քաղաք ձևավորող ձեռնարկություն, իր աշխատակիցների, նրանց ընտանիքի անդամների, ասել է թե, համայնքի բնակչության համար ապահովում է միջին հանրապետականից բարձր կենսամակարդակ: Ավելորդ չենք համարում նաև նշել, որ կոմբինատի կողմից արտադրվող մոլիբդենի խտանյութը ամբողջությամբ վերամշակվում է Հայաստանում` Երևանում գտնվող ձեռնարկությունների կողմից, որոնք իրենց հերթին ունեն շուրջ 1000 աշխատակից:
Այսպիսով. անվիճարկելի է, որ ԶՊՄԿ-ը ինչպես Սյունիքի տարածաշրջանի, այնպես էլ ողջ հանրապետության տնտեսական կայունության և շարունակական զարգացման երաշխիքներից մեկն է: Չնայած սեփականաշնորհումից հետո ստացած ծանր ժառանգությանը, մենք լուրջ ծրագրեր ենք իրականացրել առկա բնապահպանական իրավիճակի ուսումնասիրության և բարելավման նպատակով: Մասնավորապես, փակվել է մոլիբդենի խտանյութի թրծման վնասակար արտադրությունը, մեծածավալ աշխատանքներ են իրականացվել հնացած պոչատարների փոխարինման և պոչամբարների ռեկուլտիվացիայի ուղղությամբ, միջազգային առաջատար ընկերությունների միջոցով կատարվել են առկա հիդրոտեխնոլոգիական շինությունների կայունության և վերակառուցման գնահատումներ:
Չբավարարվելով ձեռքբերածով և հասկանալով հարցի կարևորությունը՝ մենք նպատակադրված ենք միջնաժամկետ հեռանկարում, ՀՀ գործող օրենսդրության պահանջների կատարումից բացի, ապահովել միջազգային ստանդարտների կիրառում կոմբինատի կենսագործունեությունում:
Մեզ համար առաջնահերթությունների շարքում է բիզնեսի սոցիալական պատասխանատվության խնդիրը: Ֆինանսատնտեսական ճգնաժամի ծանր տարիներին բաժնետերերը, ինչպես նաև ԶՊՄԿ-ի տնօրինությունը, համախմբելով ունեցած ողջ ներուժը և հնարավորությունները, ապահովել են կոմբինատի բնականոն և անխափան աշխատանքը: Ի տարբերություն ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում գործող շատ հանքարդյունաբերական ընկերությունների, մեզ հաջողվել է նույնիսկ մետաղների գների աննախադեպ անկման պարագայում պահպանել բոլոր աշխատատեղերը և սովորականի նման, առանց ուշացումների, վճարել աշխատավարձ:
ԶՊՄԿ-ի բաժնետերերի որոշմամբ, տարեցտարի զգալի միջոցներ են տրամադրվում (ոչ պակաս քան 3 մլրդ ՀՀ դրամ) սոցիալական ծրագրերի ֆինանսավորման համար, որոնք իրականացվում են Հայաստանի ողջ տարածքում: Հաշվի առնելով ԶՊՄԿ աշխատակիցների անգնահատելի ներդրումը՝ բաժնետերերն ընկերության տարեկան զուտ շահույթի 5%-ն ուղղում են ընկերության աշխատակիցների պարգևավճարների ֆոնդին, որի արդյունքում ԶՊՄԿ-ի ողջ աշխատակազմն ուղղակիորեն դառնում է ձեռնարկության հաջողությունների շահառուն:
Ամփոփելով ասվածը՝ ցանկանում ենք լայն հասարակության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ գործող հանքի ընդլայնումը բացառապես պայմանավորված է ԶՊՄԿ գործունեության երկարաժամկետ պլանավորման հետ և նախատեսված է թե՛ խորհրդային շրջանի նախագծերով, թե՛ գործող կոնցեսիոն համաձայնագրով: Կոմբինատի գործունեությունը ոչ միայն չի նպաստում բնակչության արտագաղթին, այլ հակառակը, ռազմավարական նշանակություն ունի սահմանամերձ շրջանի ամրապնդման և տնտեսական զարգացման համար: ԶՊՄԿ-ի և տեղական ենթակապալառու կազմակերպությունների հազարավոր աշխատակիցներ կոմբինատում կայուն և երաշխավորված եկամուտ ունենալու շնորհիվ իրենց և զավակների ապագան կապում են Հայրենիքի հետ: Ձևավորվել և գործում է մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող աշխատակազմ, մարդիկ կապված են իրենց աշխատանքային կոլեկտիվին, մասնագիտական ժառանգորդության սկզբունքով շատ ընտանիքների համար կոմբինատը դարձել է հարազատ օջախ: ԶՊՄԿ-ն այսօր իր աշխատակիցների հպարտությունն է, և անվիճելի է նրա համազգային նշանակությունը: Մենք համապատասխան տարածքների նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու փաստը համարում ենք լիովին հիմնավորված, որը երաշխավորելու է Հայաստանի արդյունաբերական հսկայի՝ ԶՊՄԿ-ի հետագա շարունակական աշխատանքը:
Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ թեև վերոհիշյալ խնդրի վերաբերյալ տարբեր հասարակական կազմակերպությունների և անձանց կողմից բարձրացվող հարցերը և արվող եզրահանգումները ոչ միշտ են կրում կառուցողական բնույթ և հաճախ նույնիսկ աղերսներ չունեն իրերի իրական դրության հետ, այնուամենայնիվ, մենք ողջունում ենք կառուցողական քննադատությունը և քննարկումները բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ խնդիրների հնարավոր հանգուցալուծումներն ապահովելու համար՝ գիտակցելով, որ քաղաքացիական հասարակության նման ակտիվությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման գործում էական նշանակություն ունեցող ձեռնարկության գործունեության մտահոգությամբ:
"ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ" ընկերությունը վերահաստատում է իր դիրքորոշումը՝ խնդիրները լուծել քաղաքացիների իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության սկզբունքով: ԶՊՄԿ-ի տնօրինությունը բաժնետերերի կողմից լիազորված է, հաշվի առնելով կողմերի օրինական շահերն ու իրավունքները, փնտրել փոխզիջումային լուծումներ",- ասված է հաղորդագրության մեջ: